1 մայիսի 2012 - 14:36 AMT
Մոտ ապագայում Վրաստանը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գտնում են հայ փորձագետները

Առաջիկայում Վրաստանը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գտնում են հայ փորձագետներ Ալիկ Երոյանցն ու Ղևոնդ Մկրտչյանը: Ըստ Երոյանցի, դա կապված է նրա հետ, որ Ցեղասպանության ճանաչման հարցը հակասում է Վրաստանի առևտրա-տնտեսական շահերին, քանի որ վերջինս կախվածություն ունի Թուրքիայից ու Ադրբեջանից: «Չեմ կարծում, թե մոտ ժամանակներս ինչ-որ դրական տեղաշարժ լինի, քանի որ դա կապված է որոշակի գործոնների հետ»,-ասել է նա:

Երոյանցը հավելել է, որ Վրաստանը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը միայն եթե ինչ-ինչ պատճառներով սրվեն թուրք-վրացական հարաբերությունները:

Իր հերթին Ղևոնդ Մկրտչյանը, համաձայնելով գործընկերոջ հետ, նշեց, որ Վրաստանի հասարակական կազմակերպությունները կարծարծեն այդ հարցը, թեև վրացական իշխանությունները հազիվ թե ճանաչեն Ցեղասպանությունը: Ըստ նրա, շատերը Վրաստանում արդեն մտահոգված են երկրում թուրքական ու ադրբեջանական ազդեցության տարածման փաստով:

Մկրտչյանը հավելել է, որ դրանում իր մեղքի բաժինն ունեն նաև Հայաստանի իշխանութնունները, որոնք պասիվ են այդ, ինչպես նաև ջավախահայերի շահերի պաշտպանության հարցում: