Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում: Ինպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից` Հանրապետության ղեկավարը շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները: Այնուհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել կրպակները:
Նախագահը մասնավորապես ասել է. «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո և մեր բոլորի մեծ ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել:
Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների աշխատանքը ևս բարձր է գնահատել, շնորհակալություն հայտնել և ընդգծել, որ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ նրանք մի քանի քայլ առաջ են գնացել, ու դա տեսանելի է ինչպես իր, այնպես էլ մեր ամբողջ հանրության համար:
Սերժ Սարգսյանը հորդորել է ոստիկաններին ձեռք բերվածը բավարար չհամարել, կանգ չառնել և անընդհատ կատարելագործվել: