2 մայիսի 2012 - 10:19 AMT
«Հրապարակ». Կենտրոն համայնքի նախկին ղեկավարը դեռ «գործազուրկ» է

«Հրապարակը» գրում է, որ Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանը դեռ «գործազուրկ» է: Որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն ղեկավարում է թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գարեգին Նուշիկյանի ընտրական շտաբը: Երեկ թերթի թղթակիցը հարցրել է, թե հնարավոր է ընտրություններից հետո, իր աշխատանքի արդյունքով պայմանավորված, նոր պաշտոն ստանձնի, պատասխանել է. «Դուք կարո՞ղ եք մի բան ասել, որ հնարավոր չի կամ հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է...»: Թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյոք քաղաքական պատճառով իրեն հեռացրին զբաղեցրած պաշտոնից: «Դե, ամեն ինչը մշտական չի, տասը տարի աշխատեցի, հիմա երիտասարդները թող գան, ես էլ իմ տեղը կգտնեմ, ինձանից երիտասարդ է Ռուբեն Սադոյանը ամեն դեպքում: Եթե քաղաքական պատճառներ ունենային, ես էսօր էստեղ ի՞նչ էի անելու»,-ասել է Գյանջումյանը` ակնարկելով իր` ՀՀԿ Կենտրոնի տարածքային կառույցում գտնվելու հանգամանքը: