2 մայիսի 2012 - 13:49 AMT
ՀՀԿ փոխնախագահ. Նախագահը բոլորին վստահում է, բոլորին լսում է

«Նախագահը բոլորին վստահում է, բոլորին լսում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով որոշ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին , թե իբր Սերժ Սարգսյանը չի վստահում Հանրապետականի ղեկավարությանը և այդ պատճառով անձամբ է անցկացնում քարոզարշավը, ասաց ՀՀԿ փոխնխագահ Գալուստ Սահակյանը: Ըստ բանախոսի՝ այսպիսի մեկնաբանությունները ոչ տեղին են, ոչ էլ ժամանակին:

Նա նաև հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին մեկուսացրել են քարոզարշավից: Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն արդյունավետ է համարում Տիգրան Սարգսյանի գործունեությունը: Ըստ Սահակյանի՝ վարչապետն ունի իր գործառույթներն ու զբաղվում է դրանցով: Բանախոսը նաև հիշեցրեց, որ մինչև քարոզարշավը վարչապետը ներգրավված էր կուսակցական աշխատանքներում:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):