2 մայիսի 2012 - 14:54 AMT
Արծվիկ Մինասյանը քաղաքացիներին անձնագրեր չտրամադրելու հարցով դիմել է կառավարությանը

Ինչպես PanARMENIAN-ին հայտնում են ՀՅԴ խմբակցության մամուլի ծառայությունից` ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը գրավոր հարց է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում ասվում է, որ վերջին շրջանում մամուլում հրապարակված նյութերում և առանձին քաղաքացիների դիմումները ահազանգում են, որ քաղաքացիներին անձնագրեր տալու գործընթացում հաճախ ձգձգումներ են արձանագրում: Իրավասու պաշտոնատար անձինք քաղաքացիներին իրազեկել են, որ այդ պահին դեռևս չկան պատվիրված անձնագրեր, իսկ ստանալուն պես դրանք անհապաղ կհատկացվեն:

Արծվիկ Մինասյանը նամակում նշում է, որ սա «իրավասու կառույցների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագրեր տալու օրենսդրության տարրական պահանջների խախտում է: Բացի այդ, տարածված տեղեկատվության համաձայն զանգվածային բնույթ է կրում պաշտոնատար անձանցից ու այլ մասնավոր քաղաքացիներից ակնհայտ ապօրինի եղանակներով անձնագրեր հավաքելու, ինչ-ինչ գրանցումներ կատարելու դեպքերը, ինչը ոչ միայն զրկում է քաղաքացիներին իրականացնելու անձնագրերից օգտվելու իրենց իրավունքը, այլև` նպաստում է հանրային վախի և կասկածանքի մթնոլորտի ձևավորմանը: Վերը շարադրվածի առնչությամբ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով, ՀՀ կառավարությունից ակնկալում եմ հետևյալ հարցերի պատասխաները. 1) վերջին 4 տարիների, այդ թվում` 2012թ. առաջիկա 4 ամիսների ընթացքում որքա՞ն անձնագիր է պատվիրվել, որքան է ստացվել և ինչ համամասնությամբ են դրանք բաշխվել` ըստ ամիսների, 2) տրված անձնագրերից քանի՞սն է տրվել առաջին անգամ և քանի՞սն է տրվել փոխանակման կարգով կամ որևէ այլ հիմքով (կորստյան և այլն), 3) կոնկրետ ի՞նչն է եղել վերջին շրջանում անձնագրերի բացակայության հիմքով անձնա•րերն անհարկի ուշացումով հանձնելու բուն պատճառը, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը շտկելու ուղղությամբ, 4) 2012թ. 4 ամիսների ընթացում քանի՞ մարդ է վարչական պատասխանատվության ենթարկվել անձնագրերն ապօրինի վերցնելու (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 199-րդ հոդված), առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելու (նույն օրենս•րքի 195-րդ հոդված), առանց անձնագրերի կամ առանց գրանցման բնակության թույլատրելու (նույն օրենսգրքի 197-րդ հոդված) համար, 5) վերջին 4 տարիների ընթացքում քանի՞ մարդ է անձնագիր ստացել երկքաղաքացիություն ձեռք բերելու հիմքով և ինչ համամասնությամբ են դրանք բաշխվել` ըստ ամիսների, 6) որքա՞ն է կազմում անձնագրերի մնացորդը 2012թ. ապրիլի 30-ի դրությամբ»:

Արծվիկ Մինասյանը ակնկալում է, որ 10-օրյա ժամկետում հարցումը կքննարկվի և պատգամավորին սպառիչ պատասխան կտրվի: