
Չորեքշաբթի առավոտյան Կահիրեի կենտրոնում պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում հինգ հոգի մահացել են, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մեջբերելով Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Ականատեսների վկայությամբ, բախումները սկսել են արշալույսին: Անհայտ մարդկանց խումբը հարձակվել է Եգիպտոսի ՊՆ շենքի մոտ անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցների վրա:
Կահիրեի Աբասիա շրջանը, որտեղ գտնվում է ՊՆ շենքը, արդեն մի քանի օր դարձել է նախագահական քարոզարշավից դուրս մնացած իսլամիստ Հազեմ Սալահ Աբու Իսմայիլի կողմնակիցների և անհայտ անձանց միջև բախումների էպիկենտրոնը:
Ցուցարարների գլխավոր պահանջն է իշխանության շուտափույթ հանձնումը զինվորականներից քաղաքացիական ղեկավարությանը: