2 մայիսի 2012 - 16:38 AMT
Բացվել է Մարմարիկի ջրամբարը

Բացվել է Կոտայքի մարզի Մարմարիկ գետի վրա գտնվող Մարմարիկի ջրամբարը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից` ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 միլիոն խոր.մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խոր.մ` օգտակար ծավալ:

Մարմարիկի պատվարի վերականգնումը ապահովեց պատվարից ներքև գտնվող 20 համայնքներում ապրող 164 000 մարդկանց անվտանգությունը:

Վերականգնված պատվարը հնարավորություն կտա կարգավորել Մարմարիկ գետի հոսքը, ջրի բացթողումները Սևանա լճից կնվազեն տարեկան 23 միլիոն խոր. մետրով, Կոտայքի մարզի 1055 հա գյուղատնտեսական հողատարածք կստանա մոտ 9 միլիոն խոր.մ ոռոգման ջուր, Մխչյանի պոմպակայանում կխնայվի տարեկան 10.9 միլիոն կվտ.ժամ էլեկտրաէներգիա:

Ջրի նույն ծավալը (մոտ 14 միլիոն խոր.մ) անցնելով Սևան-Հրազդանի հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կասկադով տարեկան կարտադրի մոտ 21 միլիոն կվտ.ժամ էլեկտրաէներգիա:

Վերականգնված պատվարների ստորին հոսանքներում ապրող ավելի քան 500 000 մարդ (Հայաստանի բնակչության ավելի քան 15 տոկոսը) այժմ ապահով է: Նմանապես, այդ պատվարների ստորին հոսանքներում գտնվող ենթակառուցվածքներն այլևս չեն համարվում վտանգված: