20 մայիսի 2004 - 20:29 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Հունիսի 8-ին Երեւանի Ազատության հրապարակում Հայաստանի առաջադիմական կուսակցությունը կազմակերպում է հանրահավաք` ուղղված գործող իշխանությունների աջակցությանը: Ինչպես այսօր լրագրողներին է հաղորդել կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, միջոցառման նպատակն է` դիմել հասարակությանը երկրում կայունության պահպանման կոչով եւ վստահություն հայտնել գործող իշխանություններին ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Տ.Ուրիխանյանն ընդգծել է, որ հանրահավաքը սկիզբ կդնի մի շարք գործողությունների, որոնք վերջ կտան «ընդդիմության դավաճանական գործունեությանը», որը չի նպաստում Հայաստանի շահերին եվրոպական կառույցներում: Նրա խոսքերով, հանրահավաքի անցկացման գործում ՀԱԿ-ին կօժանդակեն մի շարք կուսակցություններ, մասնավորապես` Նորացված կոմկուսը, «Ազատ Հայք առաքելությունը» եւ «Հայաստանի կանայք» կուսակցությունը: ՀԱԿ-ի առաջնորդը ընդգծել է, որ կուսակցությունը գործում է առանց իշխանությունների կամ կոալիցիա կազմող կուսակցությունների կողմից որեւէ ֆինանսական աջակցության: