3 մայիսի 2012 - 09:42 AMT
«Հրապարակ». ՀՀԿ-ն որոշել է շոու անել և երգով հաղթել ԲՀԿ-ին

«Հրապարակը» գրում է, որ մայիսի 4-ին մայրաքաղաքում պարալիզացվելու է բոլոր գերատեսչությունների աշխատանքը: Բանն այն է, որ այդ օրը Մատենադարանում և Ազատության հրապարակում միաժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքներն են լինելու: Այս երկու կուսակցությունները «մասովկան» ապահովելու առումով մրցակցության մեջ են: «Հրապարակին» տեղեկություններ են հասել, որ դեռևս երեկվանից և ԲՀԿ-ական, և ՀՀԿ-ական նախարարները հրահանգել են իրենց ենթականերին մեկ մարդու պես մասնակցել հանրահավաքին: Սպառնացել են, որ չմասնակցողները խիստ պատժվելու են, իսկ պատիժը մեկն է լինելու` աշխատանքից հեռացում: Ասում են, որ ԲՀԿ-ն իր առջև խնդիր է դրել 100 հազար մարդ բերել Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքին և այնպես անել, որ Մաշտոցի պողոտան մինչև Օպերա փակվի: Իսկ ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու են մեծ խումբ հայտնի աստղեր. ՀՀԿ-ն որոշել է այնպիսի շոու անել, որն աննախադեպ կլինի, և երգով հաղթել ԲՀԿ-ին: