
Մոսկվան մտադիր չէ հանդուրժել ԱՄՆ միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` մեկնաբանելով ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները «Մագնիտսկու գործի վերաբերյալ», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլը հայտարարել է, թե մեր երկրի որոշ պաշտոնյաների մուտքը ԱՄՆ արգելող որոշումը «Մագնիտսկու գործի» համատեքստում համապատասխանում է մարդու իրավունքների ոլորտում տարվող ԱՄՆ քաղաքականությանը: Մենք անընդունելի ենք համարում հարցի նման դրվածքը, քանի որ դա հակասում է ինչպես ռուս-ամերիկյան հարաբերություններին, այնպես էլ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքին»,-ասել է նա:
Ըստ Լուկաշևիչի, Մոսկվան «բազմիցս է զգուշացրել, որ նման փորձերն անպատասխան չեն մնա»:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ապրիլի 24-ին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը նախկինի պես կողմ է «Մագնիտսկու ցուցակի» մասին օրինագծին, որն այժմ ներկայացված է Կոնգրեսի քննարկմանը: