3 մայիսի 2012 - 14:27 AMT
ՀՀ և Արցախի 20 դպրոցներ արդեն ունեն «Լոգո միկրոաշխարհներ» հայաֆիկացված ծրագիրը

ՀՀ և Արցախի 20 դպրոցներ այսօր ստացան «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայրի լիցենզավորված փաթեթները: «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ծրագրավորման միջավայրը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ծրագրի լիցենզիաների հանձնման արարողությանը նշեց, որ սա ևս մի բեկումնային, նորարարական ծրագիր է կրթության որակի բարձրացման գործում. «Երկու տարի առաջ կառավարության կողմից հավանության արժանացավ այս ծրագրի նախագիծն, ըստ որի` հանրակրթական դպրոցներում պետք է ներդնենք համապատասխան նոր համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս երեխաների մոտ զարգացնել նորարական ստեղծագործական մոտեցումները, օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից հենց մայրենի լեզվով»:

Մոտ ապագայում նախատեսվում է ծրագրով ապահովել Հայաստանի բոլոր դպրոցներները, ինչպես նաև Սփյուռքի դպրոցները:

«Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդայանն ասաց, որ ծրագիրը հնարավորություն կտա, որ երեխաները փոքր տարիքից մայրենի լեզվով կարողանանան ստեղծել համակարգչային ծրագրեր և մեծ ներդրում կլինի փոքր տարիքից ծրագրավորողներ պատրաստելու գործում:

Ծրագրի օգտագործման համար դպրոցի ուսուցիչներն արդեն վերապատրաստում են անցել, մայիսին կլինի վերապատրաստման հաջորդ փուլը, իսկ սեպտեմբերին ուսուցիչներն արդեն պատրաստ կլինեն ինֆորմատիկայի դասեր անցկացնել տվյալ ծրագրային միջավայրում: