
«Մամուլի ազատության ժամանակը» 5-րդ մրցանակին արժանացավ առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը: Մրցանակից` ժամացույցից` բացի, որն Աննա Իսրաելյանին այսօր Հայաստանի Ժուռնալիստների միությունում հանձնեցին Մամուլի ազգային ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և «Ինտերնյուզ Արմենիա» ՀԿ նախագահ Նունե Սարգսյանը, առցանց «Առավոտ»-ի խմբագիրը ստացավ նաև «լրագրողական հնարավորությունները լավագույնս համադրելու համար» կոչումը:
Միջոցառմանը ներկա էր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովա, որն իր խոսքում նշեց, որ «խոսքի ազատությունն ամենաթանկ իրավունքներից մեկն է»: «Այն հիմք է հանդիսանում մարդկային արժանապատվության համար:
Վերջինիս իրականացման գործում կենսական նշանակություն ունի ազատ, բազմակարծիք և անկախ մամուլի գոյությունը», - ասաց Իրինա Բոկովան: Նա նաև շնորհավորեց Աննա Իսրայելյանին և մաղթեց շարունակել նույն եռանդով:
Անդրադառնալով մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին` Բոկովան լրագրողներին կոչ արեց շարունակել դրանք լուսաբանել նույնքան արդար, ինչպես դա արվել է քարոզարշավի ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով մրցանակի համար` Իսրայելյանն ասաց, որ առցանց «Առավոտ»-ի խմբագրի պարտականությունները ստանձնելն իր համար մեծ պատասխանատվություն էր: «Ընդհամենը կես տարվա ընթացքում առցանց «Առավոտ»-ը կարողացավ կրկնապատկել և եռապատկել այցելուների թիվը», - իր խոսքում նշեց Աննա Իսրաելյանը:
Ի դեպ, «Մամուլի ազատության ժամանակը» առաջին մրցանակը 2006-ին ստացել է «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: