4 մայիսի 2012 - 14:37 AMT
Փորձագետներ. ԶԼՄ-ները քարոզարշավը լուսաբանել են հավասարակշռված, բայց պասիվ

Ընտրակարգերի փորձագիտական կենտրոնի միջազգային առաքելությունը՝ ICES, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ապրիլի 8-ից իրականացրել են ՀՀ Ընտրական օրենսգրքի, գործող ընտրական համակարգի, էլեկտրոնային լրատվամիջոցների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքների մոնիտորինգ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը առաքելության 20 անկախ անդամներից 4-ը ներկայացրեցին իրենց ուսումնասիրության նախնական արդյունքները:

«Իրականում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու անհատ գրծիչներին հնարավորություն էր ընձեռված ԶԼՄ-ներում ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրն ու քարոզարշավ անցկացնել: Կարծում ենք՝ այս նախընտրական շրջանում չկար քաղաքական գրաքննություն: Հայաստանն այս առումով մեծ առաջընթաց է գրանցել, և անգամ կարող է օրինակ ծառայել նախկին ԽՍՀՄ ու հարևան երկրների համար»,- ասաց Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Պիսկորսկին՝ հավելելով, որ Հայաստանի լրատվամիջոցների մեծ մասն ունի հստակ քաղաքական դիրքորոշում, բայց դա «նրանց իրավունքն է»:

«Ուզում եմ նշել, որ քարոզարշավը բոլոր ԶԼՄ-ներով բավականին ամբողջական է լուսաբանվել: Այստեղ շատ քիչ են պետական վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները, ինչը Հայաստանին շահեկանորեն առանձնացնում է հարևան երկրներից»,- ասաց բանախոսը:

Առաքելության դիտորդներից մյուսը՝ Իսրայելի ներկայացուցիչ Բարուհ Բեն Ներիան նշեց, որ իր կարծիքով քարոզարշավն անցել է բավականին պասիվ. «Հեռուստաեթերում բացակայում են քաղաքական քննարկումները, ընտրություններին մասնակցող կուսակցությունների տեսահոլովակները: Փողոցներում, պատերին ակտիվություն չի նկատվում»:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):