26 մայիսի 2004 - 00:33 AMT
«FREEDOM HOUSE»-Ը ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՍԵԼ Է «ԿԻՍԱԿԱՅԱՑԱԾ ԱՎՏՈՐԻՏԱՐ ՎԱՐՉԱԿԱՐԳ» ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Անցումային շրջան ապրող երկրներում ընտրական գործընթացներին եւ անկախ ԶԼՄ-ների վիճակին առնչվող «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակված զեկույցում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ավելի վատն են, քան նախորդում: «Միջազգային դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում: Հայաստանի իշխանությունները նաեւ չապահովեցին երկրի առաջատար անկախ լրատվամիջոցների վերաբացումը ընտրություններից առաջ», - փաստվում է զեկույցում: «Խոսքի ազատությունը Հայաստանում ավելի վտանգվեց, երբ Քրեական օրենսգրքում ընդգրկվեց «զրպարտության մասին» հոդվածը: Միջազգային կազմակերպությունները շարունակում էին մարդու իրավունքների խախտումներ արձանագրել Հայաստանում, բայց ողջունել են մահապատժի վերացումը»,- նշում է «Freedom House»: Նշենք, որ կազմակերպությունը երկրները գնահատում է 7-բալլանոց սանդղակով, ընդ որում` որքան բարձր է գնահատականը, այնքան ցածր է տվյալ երկրում ժողովրդավարության մակարդակը: Մինչեւ անցյալ տարի Հայաստանը գտնվում էր «անցումային կառավարություն կամ խառը վարչակարգ» ունեցող երկրների խմբում: Այս տարվա զեկույցում Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ ստացավ 5 բալլ եւ դասվեց «կիսակայացած ավտորիտար վարչակարգ» ունեցող երկրների շարքում: Նշենք, որ նույն խմբում է գտնվում նաեւ Ադրբեջանը` 5,6 բալլ: