25 մայիսի 2025 - 08:12 AMT
Մել Գիբսոնը Հայաստան կայցելի «Բյուզանդիայից արևելք» ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելու համար

Հայտնի ամերիկյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը այս տարի Հայաստան կայցելի «Վարդանանք» հայկական հայտնի պատմավեպի էկրանավորման` «Բյուզանդիայից արևելք» ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելու համար: Այդ մասին Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հայտնել է հայ մտավորականության հետ հանդիպմանը:

Պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Շինդլերի ցուցակի» նմանությամբ մասշտաբային ֆիլմ նկարահանելու անհրաժեշտության մասին հանդիպման մասնակիցներից մեկի հարցին` նախագահը նշել է, որ ինքը նման խնդրանքով դիմել է խոշոր հայ ձեռնարկատիրոջ, ով պայմանավորվածություն ունի Մել Գիբսոնի հետ, և որ այժմ ընթանում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:

Սերժ Սարգսյանի խոսքով` ինքը չի ցանկանում, որպեսզի հայ ժողովրդին ճանաչեն միայն Ցեղասպանության շնորհիվ: «Մենք հարուստ արժեքների կրողն ենք, մենք քրիստոնեություն ընդունած առաջին ազգն ենք, մեր հավատն ամուր է, և այդ արժեքը մենք պետք է ապացուցենք աշխարհին»,- ընդգծել է նա:

Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը նկարագրում է հայերի 450-451թթ. ապստամբությունը Սասանյան Պարսկաստանի դեմ: