ԱՄՆ ՌԾՈւ Գուանտանամոյի ռազմակայանում այսօր սկսվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Հալիդ Շեյխ Մոհամմեդի և նրա չորս հանցակիցների գործով դատավարությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ փորձագետների, դատավարությունը, որը վարելու է հատուկ ռազմական հանձնաժողովը, առնվազն մեկ տարի կտևի:
Գործի բոլոր մասնակիցներին մեղադրանքներ կներկայացվեն ահաբեկչության, ինքնաթիռների զավթման, զանգվածային սպանությունների համար: Ինչպես ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ, նրանք «պատասխանատու են 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վաշինգտոնում, Շենկսվիլլում տեղի ունեցած ահաբեկչությունների համար, որոնց արդյունքում 2976 մարդ է զոհվել»:
Հալիդ Շեյխ Մոհամմեդը խոստովանում է իր մեղքը և համարում իրեն սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպիչը:
Մոհամմեդին ձերբակալել են 2003թ. Պակիստանում: Գործով անցնում է նաև նրա զարմիկը՝ Ալի Աբդուլ Ազիզ Ալին, որը համարվում է հարձակումների համակարգողը:
Դատավարությունը փակ է լինելու: Լսումներին ամբաստանյալների հարազատները ներկա չեն լինի:
Ավելի վաղ Օբամայի վարչակարգը մտադիր էր կազմակերպիչներին փոխանցել քաղաքացիական, ոչ թե զինվորական դատարանին: