6 մայիսի 2012 - 11:23 AMT
ՀԱԿ դիտորդներ. 24/26 տեղամասում ծեծի են ենթարկվել ՀԱԿ և ԲՀԿ վստահված անձինք

ՀԱԿ դիտորդներն ահազանգում են, որ այսօր ժամը 9.55-ին 24/26 տեղամասում ծեծի են ենթարկվել ՀԱԿ և ԲՀԿ վստահված անձինք: «Կոտրել են ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանի ատամները»,- նշվում է ՀԱԿ Facebook-ի էջում:

Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Ընդ որում, եթե ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, ապա ՀԱԿ-ը` որպես բլոկ, պետք է հաղթահարի 7 տոկոսի շեմը:

Հայաստանում ընտրություններին հետևելու են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը:

Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը: