ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հաղորդում է, որ այն տեղեկատվությունը, թե «3/11 ընտրատեղամասում ՀՀԿ ներկայացուցիչը հարձակվել է ՀԱԿ վստահված անձի վրա» միջադեպի առնչությամբ կատարված ստուգմամբ՝ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանության ծառայողների կողմից տեղեկությունը չի հաստատվել:
Այս պահին շարունակվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումները` միջադեպի մանրամասները ճշտելու ուղղությամբ:
Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):
Ընդ որում, եթե ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, ապա ՀԱԿ-ը` որպես բլոկ, պետք է հաղթահարի 7 տոկոսի շեմը:
Հայաստանում ընտրություններին հետում են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը:
Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը: