7 մայիսի 2012 - 16:45 AMT
Ֆրանսուա Խավիեր դե Դոնեա. Հայաստանի խնդիրը ոչ թե օրենսդրությունն է, այլ իրավունքի կիրառումը

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության հատուկ ներկայացուցիչ Ֆրանսուա Խավիեր դե Դոնեան իր գնահատականն է տվել մայիսի 6-ին Հայաստանում կայացած ընտրությունների ընթացքին՝ Հայաստանի խնդիրը կապված է իրավունքի կիրառման հետ:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը կատարել իր խոստումն այն մասին, որ դրանք լինելու են լավագույն ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության մեջ՝ Ֆրանսուա Խավիեր դե Դոնեան նշել է, որ որոշ ոլորտներում այս ընտրությունները նախորդներից լավն էին, որոշ ոլորտներում իրավիճակը նույնն է մնացել և բարելավման կարիք ունի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ նահանջ կա: «Հայաստանի խնդիրը ոչ թե օրենսդրությունն է, որը լավն է, այլ իրավունքի կիրառումը շահագրգիռ կողմերից»,-ասել է նա:

Ֆրանսուա Խավիեր դե Դոնեան նշել է, որ իրավոնքի կիրառման խնդիր կարող է ծագել ոչ միայն ԸՕ, այլ նաև Քրեական օրենսգրքի, ճանապարհային երթևեկության կանոնների դեպքում:

Իր հերթին Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Քշիշտոֆ Լիսեկը հավելել է, որ կարելի է բարելավել օրենսդրությունը, սակայն, «ամեն ինչ ձախողել տխմար թանաքի պատճառով»:

Ընտրությունների ժամանակ որոշ տեղամասերում տեխնիկական խնդիրներ առաջացան կապված թանաքի որակի հետ՝ քանի որ դրոշմակնիքների թանաքը չափազանց շուտ էր ցնդում: