Մայիսի 6-ի ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունը, մասնավորապես, իշխող կոալիցիայի կուսակցությունների անվանումների առջև «նկարված թվերի» վերաբերյալ, վերաբերում էին բոլորին` առանց բացառաության, այդ թվում` ԲՀԿ-ին: Այս մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին է հաղորդել կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով կուսակցության այսօրվա հայտարարությունը: «Կոալիցիան մեկ և միասնական կուսակցություն չէ: Այսինքն` ով որքանով է մեղսակից, այլ հարց է, սակայն այն, որ ամբողջ իշխանությունն է, պարզ է: Եվ իր վերարտադրության մեղսակից է դարձրել հասարակությանը` օգտվելով վերջինիս տգիտությունից, տհասությունից, աղքատությունից, թշվառությունից»,-ասել է նա:
Ընդ որում, Հովհաննիսյանն ընդգծել է, որ Դաշնակցությունը կշարունակի իր աշխատանքը ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբում, որում ներառված են նաև ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը:
ՀՅ Դաշնակցությունը հայտարարել է, որ որպես ինքնուրույն, հստակ սկզբունքներ դավանող քաղաքական ուժ, ընտրական արդյունքների առումով իր այս նահանջը սառնասրտորեն ձևակերպում է որպես գործունեության նոր փուլի սկիզբ` համընդհանուր պայքարի շարունակություն մինչև ամբողջական իշխանափոխություն: