8 մայիսի 2012 - 16:41 AMT
Փոխվարչապետն ու ՀԲ գրասենյակի ղեկավարը քննարկել են ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիին:

Կողմերը քննարկեցին ոռոգման համակարգում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի և, մասնավորապես, «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով» կատարվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այս ծրագրով շարունակվում են մայր ջրանցքների և միջտնտեսային ցանցերիվերականգնման աշխատանքները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց աշխատանքների որակի, դրանք ըստ ժամանակացույցի կատարելու առնչությամբ:

Փոխվարչապետը կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀԲ-ին` Մարմարիկի ջրամբարի շինարարության համար, որը շահագործման հանձնվեց օրերս: Անդրադարձ եղավ Հայաստանում ջրամբարաշինությունը շարունակելու հարցին: Ա. Գևորգյանը կարևորեց ջրային պաշարների կուտակման հնարավորությունների ընդլայնումը ինչպեսգյուղատնտեսության զարգացման, այնպես էլ էներգետիկ և բնապահպանական անվտանգության տեսանկյունից: Նշվեց, որ կառավարությունն այս տարի գերմանական KfW բանկի աջակցությամբ նախատեսում է սկսել Կապսի անավարտ ջրամբարի կառուցման նախապատրաստական աշխատանքները:

Ընդ որում, ջրամբարի կառուցումը կնպաստի նաև Արփի լճի բնապահպանական խնդիրների լուծմանը: Քննարկվեցին նաև մի շարք անավարտ ու նաև նոր ջրամաբարների կառուցման հնարավորությունները, որոնք կարևոր նշանակություն կունենան գյուղացիական տնտեսությունների համար` ոռոգման ջրի անխափան մատակարարում երաշխավորելով, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին: