3 հունիսի 2004 - 19:46 AMT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԼԱՉԻՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների, պատանդների որոնման եւ գերիների ազատ արձակման Միջազգային աշխատանքային խումբը (ՄԱԽ) հայտարարում է, որ Լաչինում ադրբեջանցի կամիկաձե երեխաների ճամբարների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է ՄԱԽ-ի տարածած մամլո հաղորդագրությունում, որի համանախագահները վերջերս այցելել էին Լաչին: Հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարվա մայիսի 20-ին ադրբեջանական «Զերկալո» թերթում հրապարակվել է լրագրող Լալա Նուրիի «Լաչինը «Բուխենվալդ» է ադրբեջանցի երեխաների համար» հոդվածը: Հոդվածը հայտնվել է այն բանից հետո, երբ ՄԱԽ-ի համանախագահ Փ. Զաքարեիշվիլին հերյուրանք է անվանել Հայաստանից փախուստի դիմած Ռոման Թարյանի եւ Արթուր Ապրեսյանի այն հավաստումները, թե հայկական կողմից գերված ադրբեջանցի երեխաներից կամիկաձե են պատրաստում: Հոդվածում հաղորդվել է, որ ոմն գործարար Ասաֆ Ալիմարդանովը զանգահարել է թերթի խմբագրություն եւ պատմել, որ իր հետ աշխատող «ամերիկացի ինժեներ Թերրի Քեյգլը 90-ական թթ. օկուպացված Լաչին այցելության ընթացքում հանդիպել է հայերի մոտ գտնվող ադրբեջանցի երեխաների հետ»: «Զերկալո» թերթի խնդրանքով Ալիմարդանովը կրկին կապվել է Քեյգլի հետ «Լաչինում գտնվող հատուկ ճամբարում ադրբեջանցի երեխաներ պահելու փաստը հավաստող տեղեկատվություն ստանալու համար»: Լրագրող Լ. Նուրին առաջարկել է ՄԱԽ-ին գտնել եւ հայրենիք վերադարձնել ադրբեջանցի երեխաներին: ՄԱԽ-ի հարցմանն ի պատասխան Թերի Քեյգլն իր զարմանքն է հայտնել իրեն վերագրվող հաղորդագրությունների առնչությամբ` կտրականապես հերքելով հոդվածում բերված տեղեկությունները: Ընդ որում նա առաջարկել է կապվել պաստոր Դ. Գոեխրինգի եւ կամավոր Ս. Բրաունի հետ, որոնք «Ագապե» նախագծի շրջանակներում մարդասիրական առաքելությամբ բազմիցս եղել են Լաչինում: Վերջիններիս հետ զրույցում պարզվել է, որ նրանք օգնություն են ցուցաբերել մանկական հաստատությանը, որտեղ դաստիարակվել են հայ երեխաներ: