3 հունիսի 2004 - 23:12 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ` ՉՆԱՅԱԾ ԱՅՆ ԱՐՏՈՆՎԱԾ ՉԷ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Հունիսի 4-ին Երեւանում ծրագրված միացյալ ընդդիմության հանրահավաքը, չնայած քաղաքապետարանի արգելքին, կայանալու է: Այդ մասին այսօր լրագրողներին են հայտարարել երկրի ընդդիմադիր ուժերի` «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանություն» կուսակցության եւ Կոմունիստական կուսակցության ղեկավար ներկայացուցիչները : Նրանք «անհիմն եւ ապօրինի» են անվանել Երեւանի քաղաքապետարանի որոշումը` հանրահավաքը արգելելու մասին, եւ «քաղաքական»` այդ որոշումը անփոփոխ թողած դատարանի վճիռը: Ընդդիմության տարածած հայտարարության համաձայն` Հայաստանում շարունակում է «մոլեգնել հաշվեհարդարների եւ բռնությունների ալիքը»: Հայտարարության հեղինակները իշխանություններին կրկին մեղադրել են ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ հայտնի բանաձեւի պահանջները չկատարելու, երկրի քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ խաղաղ հանրահավաքներ կազմակերպելու սահմանադրական իրավունքը խախտելու մեջ: