10 մայիսի 2012 - 10:37 AMT
«Ժողովուրդ». Վարչապետը փախել է ավանդների փոխհատուցում պահանջող տիկնոջից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեկ «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառման ավարտից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում էր արագ քայլերով հեռանալ, նրան մի կին է մոտեցել ու պահանջել է իրեն վերադարձնել «Խնայբանկ»-ում ներդրած ավանդը: Վարչապետը ստիպված է եղել մի քանի վայրկյան լսել տիկնոջը, քանի որ նա շատ վրդովված էր և չէր թողնում Սարգսյանը տեղից շարժվի: «Ինչո՞ւ չեք տալիս ավանդները, մեռնենք գնանք, բա էտի ո՞նց ա լինելու, դիմումներ են տվել, 7 հազար ռուբլի փող կա, որը չեն վերադարձնում, ես միայնակ անժառանգ կին եմ», -նշել է տիկինն, ում վարչապետը լսում ու ժպտում էր: Հռիփսիմե Ավագյան ներկայացած տիկինն ասել է, որ բոլոր ատյաններին դիմում է գրել, բայց արդյունք չկա: Վարչապետին փորձել է «փրկել» նրա շուրջ հավաքվածներից մեկը` ասելով, թե ավանդների մենաշնորհը պատկանում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, և պետք է նրան դիմել: Իսկ վարչապետը տիկնեջը խորհուրդ է տվել մոտենալ իր մամլո խոսնակ Արամ Անանյանին ու հեռացել: