10 մայիսի 2012 - 12:48 AMT
Շվեդիայի Ռիգստագը մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական նախաձեռնությունը

Մայիսի 9-ին Շվեդիայի Ռիգստագը մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական նախաձեռնությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունից, Կանաչների կուսակցության անունից Մեհմեդ Կապլանի ներկայացրած նախաձեռնությունը կոչ էր անում Շվեդիային ակտիվ մասնակցել կարգավորմանը՝ պահանջելով «անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ղարաբաղից»: Առաջարկում ասվում էր, որ «միջազգային հանրությունը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայկական փոքրամասնության անվտանգությունն ու ինքնավարությունը Ադրբեջանի տարածքային սահմաններում»:

Այսպիսով, նախաձեռնության հեղինակները հաշվի չեն առնում այսօր ընթացող բանակցություններն ու Մադրիդյան սկզբունքները: Նախաձեռնությունը, որը միայն մեկ մարդ էր ստորագրել, առանձին չէր ներկայացվել, այլ քվեարկության էր դրվել ի շարս այլ հարցերի:

Ռիգստագն ընդունել է արտաքին գործերի կոմիտեի ձևակերպումը խաղաղ կարգավորման անհրաժեշտության ու համապատասխան մեխանիզմների առկայության մասին: Ձևակերպման մեջ նաև ասվում է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, իսկ կոմիտեն սատարում է կարգավորմանը ԵԱՀԿ շրջանակներում:

Տեքստում նաև անդրադարձ կա ԵՄ Արևելյան գործընկերության հարցերին, մասնավորապեսմ Հարավային Կովկասում մամուլի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Նշվում է, որ Ասոցիացիայի մասին բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի ու Վրաստանի հետ, այն դեպքում, երբ բանակցություններն Ադրբեջանի հետ բավականին ծանր են ընթանում: