10 մայիսի 2012 - 15:31 AMT
Youth for Media ցանցը Հայաստանում մեդիաթրեյնինգ է կազմակերպել

Youth for Media ցանցը Ռազմավարական մշակումների կենտրոնի հետ համատեղ Հայաստանում իրականացնում է մեդիաթրեյնինգ, որին մասնակցում են 25 ներկայացուցիչներ Գերմանիայից, Իսպանիայից, Հայաստանից և Վրաստանից։

Մայիսի 6-15 անցկացվող սեմինարի նպատակն, ըստ կազմակերպիչներ Յոխան Մուշոլտի և Միխալ Վոյչիկի, մասնագետներին միավորելն ու նրանց որակավորումը բարձրացնելն է։

«Մեր սեմինարը ոչ միայն նրա մասին է, թե ինչպես օգտագործել խցիկը, այլև այս թրեյնինգի միջոցով մենք հիմնականում նպատակ ունենք բացահայտել նոր երկիր և մշակույթ»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միխալ Վոյչիկը` հավելելով. «Հաճախ մենք Լեհաստանում կամ Գերմանիայում այդքան ինֆորմացիա չունենք Հայաստանի մասին և երբեմն չենք հասկանում, թե ինչ խնդիրներ են առաջանում այստեղ։ Իհարկե, կարող ենք համացանցից, գրքերից տեղեկանալ, թե ինչ է կատարվում, սակայն ավելի լավ է գալ Հայաստան, խոսել մարդկանց հետ և ծանոթանալ նրանց անհանգստացնող խնդիրներին» ։

Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ իր հերթին նշեց, որ 9 օրվա ընթացում թրեյնինգի մասնակիցները 4 ֆիլմ են պատրաստելու Հայաստանի մասին։ Նրանցից մեկը, որը պատմում է Գառնիի մասին, արդեն պատրաստ է։

Նա նաև ասաց, որ Youth for Media–ի կազմակերպած թրեյնինգին տարածաշրջանից չեն մասնկացում Ադրբեջանի ներկայացուցիչները, քանի որ նախորդ համագործակցությունն ավարտվել է ադրբեջանցիների խաբեությամբ և կազմակերպությունը ստիպված հրաժարվել է նրանցից։

Յոխան Մուշոլտը և Միխալ Վոյչիկը ներկայացրեցին նաև «Քաղաքացիական մեդիայի մրցանակաբաշխությունը», որին կարող է դիմել յուրաքանչյուր քաղաքացի՝ ուղարկելով սերունդների համերաշխությանը վերաբերող սոցիալական տեսանյութեր։ Ամեն անվանակարգում հաղթողին կտրվի 1000 եվրո։

Youth for Media ցացն է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին արտահայտվելու մեդիայի միջոցով։ Այն աշխարհի 24 երկրների 36 կազմակերպություններից բաղկացած ասոցիացիա է, որն իր գործունեությունն իրականացնում է համայնքային մեդիայի և քաղաքացիական հասարակության ոլորտում։