
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի հետ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հեռախոսազրույցում Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Լիտվայի Հանրապետության Սեյմասին` ի դեմս լիտվացի պատգամավորների, որ մայիսի 10-ին «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ» Սեյմասի օրակարգ մտցված ծայրաստիճան ադրբեջանամետ բանաձևի նախագիծը քվեարկության արդյունքում մերժվել է:
ԱԺ փոխնախագահի խոսքով, այս քայլով Լիտվան ևս մեկ անգամ վերահաստատել է իր կշռադատված դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` ցույց տալով, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ապարդյուն են: Իր հերթին, Ալգիս Կաշետան շնորհավորել է Է. Շարմազանովին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:
Կաշետան նշել է, որ ԱԺ ընտրություններին հետևած լիտվացի դիտորդների վկայմամբ, Հայաստանում անցկացվել են ազատ, արդար և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ:
Կողմերը կարևորել են երկու երկրների և խորհրդարանների միջև հետագա փոխգործակցությունը և հույս հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերություններն այսուհետ կշարունակեն խորանալ: