9 հունիսի 2004 - 22:16 AMT
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Կրցանիս գյուղի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի շինարարության դեմ: Ինչպես «Ռեգնում» լրատվական գործակալությանը տեղեկացրել են Վրաստանի ՆԳՆ-ում, ցուցարարների թվաքանակը տատանվում է 350-ից մինչեւ 400 մարդ: Նրանց որոշ մասը հայտարարում է` նավթամուղի շինարարության տակ օգտագործվող հողերի համար «British Petroleum» ընկերության կողմից փոխհատուցում չվճարելու մասին, մյուս մասը պահանջում է վերադարձնել այդ հողերը գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար: Աղբյուրի համաձայն` ցուցարարները ծեծել են ոստիկանության աշխատակիցներին, փակել ճանապարհը եւ խոչընդոտում են շինարարության աշխատանքներին: Կրցանիս են մտցվել հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ակցիայի մի քանի մասնակիցներ ձերբակալվել են, նրանց թվում կան նաեւ կանայք` որպես ցույցի կազմակերպիչներ: Ներկայումս պահանջելով դադարեցնել ԲԹՋ շինարարությունը` ցուցարարները ուղեւորվել են Թբիլիսի, ինչին հատուկ ստորաբաժանումները չեն խոչընդոտել: