14 մայիսի 2012 - 14:34 AMT
Կթվայնացվեն Վեդիի, Գոռավանի և Վանաշենի հեռախոսագծերը

Վեդիում, Գոռավան և Վանաշեն գյուղերում «ԱրմենՏել» ընկերությունը մեկնարկել է ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները։ Այս մասին հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից։ Աշխատանքները պլանավորվում է ավարտել 2012թ-ի առաջին կիսամյակում, որից հետո քաղաքի և մոտակա գյուղերի բնակիչներն ապահովված կլինեն թվային ֆիքսված կապով և լայնաշերտ ինտերնետի ծառայություններով:

«Հեռախոսային գծերի թվայնացումը բավականին աշխատատար, ծախսատար, բայց երկրի համար միաժամանակ կարևոր գործընթաց է և հանդիսանում է մեր ընկերության տեխնոլոգիական զարգացման առաջնային ուղղությունը: Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ` ամենաժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնելով մեր հայաստանյան բաժանորդների համար», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2012 թվականի մայիս ամսվա դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը հասնում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը ` 2770կմ: