
Հայաստանի, Արցախի և Ջավախքի 300-ից ավելի մանկավարժներ պարգևատրվեցին 200-հազարական դրամով: Պարգևատրումը կատարվեց Երևանի կամերային երաժշտության տանը` ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագրի շրջանակում: Միջոցառման ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար՝ Արտակ Ճաղարյանը Կարապետյան եղբայրների անունից շնորհավորեց պարգևատրվող մանկավարժներին և շնորհակալություն հայտնեց աշխատանքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և սիրո համար:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մրցանակաբաշխությանն ասաց, որ Հայաստանում դեռևս առկա է հայ մանկավարժի նկատմամբ հասարակական վերաբերմունքի վերականգնման խնդիրը.
«Մանկավարժի աշխատանքն իրականում ծանր աշխատանքն է: Հազարավոր հայ ուսուցիչներ արժանի են այն շնորհակալությանը հասարակության կողմից, որի առթիվ և հավաքվել ենք այսօր: Նշեմ, որ կան, իհարկե, մանկավարժներ, ովքեր իրենց աշխատանքը լավ չեն կատարում, բայց դա չպետք է ստվեր գցի այն 43 հազար մանկավարժների բանակի վրա, ովքեր ամեն օր ջանում են, որ դաստիարակեն գրագետ երիտասարդ սերունդ», - ասաց Արմեն Աշոտյանը:
ԿԳ նախարարը նաև նշեց, որ այս ծրագիրը պետք է իրականացվեր մինչ ԱԺ ընտրությունները, բայց համատեղ քննարկումների ընթացքում որոշվել էր հետաձգել մինչ դրանց ավարտը, որպեսզի հնարավորինս «զերծ լիներ ավելորդ խոսակցություններից»: Ծրագրի վրա ծախսվել է մոտ 150 հազար դոլար:
Նախարարը նաև հավելեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակական է լինելու:
2012-ի փետրվարի 28-ին «Տաշիր»-ը և Կրթության և գիտության նախարարությունը ստորագրել էին համագործակցության մեկ այլ հուշագիր, որի շրջանակում պարգևատրվեցին Հայաստանում և Ջավախքում սովորող մոտ 280 ուսանող: Եվ մանկավարժների և ուսանողներից ցուցակները ներկայացրել էր ԿԳՆ-ն: