14 մայիսի 2012 - 16:40 AMT
Մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում Երևանն առավել բարեկարգելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի լվացման, ներկման, վերանորոգման և արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման, ինչպես նաև մի շարք կամարանցումներում նկարազարդման աշխատանքները: Քաղաքապետարանի 2012-ի ծրագրով նախատեսված 140 շենքերից արդեն լվացվել և վերանորոգվել են 35 շենքերի ճակատային հատվածները:

Քաղաքապետին զեկուցվել է, որ Երևանի զարգացման ընթացիկ տարվա ծրագրով արդեն գիշերային լուսավորությամբ է ապահովվել 168 փողոց և բակ, ինչպես նաև 14 այգի: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լրացուցիչ ծրագրերով արտաքին լուսավորությամբ ապահովել նաև բարեկարգվող բակերն ու այգիները:

Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի ծրագրերով, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում ավելի քան 300 բակային տարածք է բարեկարգվել. «Դա մեծ ձեռքբերում է և բոլորիս պարտքն է պահպանել այդ տարածքները` ընթացքում ավելացնելով դրանց թիվը»,- նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում արդեն ավարտվել են նաև 437 նստարանների և 295 աղբամանների տեղադրման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը, ինչպես նաև նորերով փոխարինել Կենտրոն վարչական շրջանում տեղադրված հին նստարաններն ու աղբամանները:

Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել, ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով որակի պահպանմանը. «Բոլոր այն տեղերում, որտեղ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման և ճաքալցման աշխատանքներն անորակ և թերի են կատարվել, պարտադրել կապալառու կազմակերպություններին իրենց միջոցներով վերացնելու թերությունները»,- ընդգծել է քաղաքապետը: