14 մայիսի 2012 - 20:51 AMT
Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա

Մայիսի 20-ին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա Դավիթ Գարեջի վանքային համալիրը վերադարձնելու պահանջով: Ինչպես ասվում է Facebook-ում տարածված տեղեկատվության մեջ, երթը կմեկնարկի Վաքե զբոսայգուց, կշարունակվի Կիպշիձե փողոցում` Ադրբեջանի դեսպանատան դիմաց, և կավարտվի խորհրդարանի մոտ:

«Ակցիայի հիմնական պահանջն է, որպեսզի կառավարությունը բնակչությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրի Դավիթ Գարեջի վանքային համալիրի շուրջ իրադրության մասին, որպեսզի նախագահը, կառավարությունն ու խորհրդարանը գործնական քայլեր կատարեն Դավիթ Գարեջին օկուպացիայից ազատելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Երկու հեռուստաընկերություններ երկու օր շարունակ տեղեկատվություն են տարածում, թե ադրբեջանցի սահմանապահները ո'չ օտարազգի զբոսաշրջիկներին, ո'չ վրացի ուխտագնացներին թույլ չեն տալիս մուտք գործել Դավիթ Գարեջիի տարածք, ուր նախկինում կարելի էր մտնել առանց խնդիրների, հաղորդում է Грузия Online-ը: