16 մայիսի 2012 - 15:05 AMT
Նավասարդի շրջանակներում օգոստոսի 11-ին կնշվի թոնրատոնը

Զբոսաշրջային նպատակներով ազգային խոհարարական արվեստն ու գինեգործությունը ներկայացնելու համար վերջին տարիներին Հայաստանում տարբեր փառատոներ են կազմակերպվում: Ինչպես հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, այս տարի երեք փառատոնի փոխարեն կանցկացվի 4-ը: «Այս տարի մենք նախաձեռնեցինք ևս մեկ երկօրյա փառատոն՝ Նավասարդի շրջանակներում Սևանի Ծաղկունք գյուղում օգոստոսի 11-ին կնշվի թոնրատոնը»,-ասել է նա: Ըստ նրա, օգոստոսի 11-ի երեկոյան լեռան վրա կրակ կարվի, որից կվառվի թոնրի կրակը՝ թոնիրով պատրաստվող ուտեստների համար:

Սեդրակ Մամուլյանը հավելելց նաև, որ արդեն ավանդականների թվում են՝ Էրեբունի թանգարանի մոտ ավանդական ուտեստների փառատոնը, որոնք ավանդաբար մատուցվում են եկեղեցական ու ժողովրդական տոներին, հուլիսի 12-ին, տոլմայի փառատոնը Սարդարապատում և խորովածի փառատոնը Ախթալայում սեպտեմբերի 8-ին, ինչպես նաև գինու փառատոնը հոկտեմբերի 6-ին Արենիում:

Իր հերթին «Ռոմեա» գայթակղիչ ճամփորդություն կենտրոնի ղեկավար Ռուբեն Գրիգորյանը կարևորեց իրադարձային զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, որը թույլ կտա զբոսաշրջային հատուկ փաթեթներ կազմել և գրավիչ տարր կհանդիսանա զբոսաշրջիկների համար: