17 մայիսի 2012 - 14:28 AMT
Գրիգորի Տրոֆիմչուկ. Հայաստանը գտնվում է իր կայունության զենիթում

«Հայաստանը գտնվում է իր կայունության զենիթում»,-Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: Ըստ նրա, Հայաստանը պահպանում է կայունությունն ինչպես ներքին քաղաքականության մեջ, այնպես էլ միջազգային ասպարեզում:

Անշուշտ, կան խնդիրներ հարևանների հետ, սակայն նրանք դեռևս չեն խախտում առկա կայունությունը: Փորձագետը ուշադրությունը սևեռել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա ու ՌԴ վարչապետ Մեդվեդևի այն խոսքերին, թե Հայաստանի հետ Ռուսաստանն ունի առանձնահատուկ դաշնային հարաբերություններ: Նա հույս է հայտնել, որ գործը չի հասնի այդ հարաբերությունների ստուգմանը՝ այսինքն ռազմական գործողություններին Ղարաբաղում ու Ռուսաստանի օգնությանը: Ռուսաստանը պետք է ամրապնդի հարաբերությունները Հայաստանի հետ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, քանի որ այժմ դրանք ավելի շատ ձևական բնույթ են կրում:

Փորձագետը նաև ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Ռուսաստանը չպետք է հանգիստ լինի Հայաստանի հարցում, այլ մշտապես պետք է աշխատի կապերի ամրապնդման ուղղությամբ: Այդ հարաբերությունները կարելի է կորցնել, եթե Ռուսաստանը համարի, որ երկկողմ հարաբերություններում ամեն ինչ միշտ լավ է լինելու: Տրոֆիմչուկը նշեց, որ Հայաստանն աշխատում է առևտրի ազատ գոտու ստեղծման վրա, ինչը չի կարող հետաքրքրություն չառաջացնել Ռուսաստանում: