19 հունիսի 2004 - 20:25 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԳՐՈՒՄ Է ԼԱՍ ՎԵԳԱՍՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՄՆ-ում հրատարակվող «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը գրում է երկու երիտասարդ հայ ձեռներեցների մասին, որոնք աննախադեպ հաջողություններ են արձանագրել բիզնեսում: Աղբյուրի համաձայն, դեռեւս 30-ը չբոլորած Արա Չոլաքյանն ու Սեւակ Մարտիրոսյանը վեց տարի առաջ հիմնել են այստեղ «Էդվանսդս մետլ ուորքս» մետաղագործական արտադրությունը, որն արտադրում է լազերային եւ ճշգրիտ հաստոցների մետաղամասեր: Լաս Վեգասի արդյունաբերական շրջանի կենտրոնում տեղակայված գործարանի տարեկան եկամուտը հասնում է միլիոնավոր դոլարների: Թերթի համաձայն, այդ ձեռնարկությունը գործարարական հմուտ քաղաքականության շնորհիվ դարձել է հաջողության խորհրդանիշն ամբողջ Նեւադայում: