Իսրայելում ԱՄՆ դեսպան Դանիել Շապիրոնի հայտարարությունն այն մասին, որ Իրանի վրա հարձակման ծրագիրն արդեն պատրաստ է իրագործման, ամենևին նորություն չէր: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը, հավելեվով որ պետք է հաշվի առնել այն փաստը, որ մայիսի 23-ին Բաղդադում կանցկացվի Իրանի եւ «վեցնյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլը:
«Սա բանակցություններից առաջ Իրանի վրա ճնշումները մեծացնելու մշակված հայտնի մարտավարություն է, իսկ այն հարցը, թե դեսպանը գաղտնազերծել է Իրանին վերաբորեղ ամերիկյան ծրագիրը, չափազանցություն է: Դա նույնպես տեղավորվում է հիշյալ մարտավարական և տրամաբանական շրջանակներում», - իր խոսքում նշեց Յարալյանը:
Իրանագետի համոզմամբ` հաշվի առնելով այն փաստը, որ մոտ ապագայում պետք է տեղի ունենա հանդիպում Իրանի և միջնորդական տարբեր կազմակերպությունների միջև, կարելի է եզրակացնել, որ ամերիկյան հակաիրանական վարչակարգի տրամաբանության մեջ ավելի ծանրակշիռ է իրանական միջուկային խնդիրը դիվանագիտական և բանակցային ճանապարհով լուծելու տարբերակը:
«Կարելի է անվերջ խոսել այդ գործընթացների մասին, սակայն ակնհայտ է մեկ բան` Իրանը փաստորեն փորձում է տարածաշրջանում իր մեկուսացումը վերացնել տարածաշրջանային համագործակցության ճանապարհով և շատ դեպքերում այն մեղադրանքները, որոնք ներկայացվում են իրանական իշխանություններին` չեն համապատասխանում իրականությանը», - ասաց իրանագետը:
Իրանագետ Արմեն Իսրայելյանն էլ հավելեց, որ հակառակ ԱՄՆ ղեկավարության վերջին շրջանում արտահայտած դիրքորոշումներին` ԱՄՆ-ի ղեկավարությունը բացահայտ ասում է, որ դեմ է այս հարցը ռազմական ճանապարհով լուծելու Իսրայելի հորդորներին:
«Դեռ մարտ ամսին Օբամայի և Նեթանյահուի հանդիպմանը հստակ հայտարարվեց, որ իրանական հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով», - նշեց Իսրայելյանը, համաձայնելով գործընկերոջ հետ, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությունն ուղղվածն է բաղդադյան հանդիպումից առաջ հոգեբանական ճնշում գործադրելուն:
Իրանագետը նաև հավելեց, որ ապրիլի սկզբին Իրանի և վեցնյակի հաջող հանդիպումից հետո Իսրայելն անհանգստություն ցուցաբերեց` մտահոգվելով այդ հանդիպման բանակցությունների բավարար արդյունքի առումով: