23 հունիսի 2004 - 18:57 AMT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԼՂՀ` ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ
Միջազգային դիտորդները չեն հրավիրվել Լեռնային Ղարաբաղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետեւելու համար: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանը` մեկնաբանելով օգոստոսի 8-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արտասահմանյան դիտորդների մասնակցությունը կանխելու Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մտադրությունը: Մարտիրոսյանի խոսքերով` ԼՂՀ իշխանություններն արտասահմանյան դիտորդների հրավիրել են միայն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը միշտ փորձել է խափանել դիտորդների ժամանումը Լեռնային Ղարաբաղ, «սակայն բոլոր նման փորձերն ապարդյուն են եղել»: Ընդսմին նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցներում արտասահմանյան դիտորդները չափազանց բարձր են գնահատել դրանց նախապատրաստումն եւ անցկացումը: