18 մայիսի 2012 - 20:19 AMT
Մասիս Մայիլյան. Արցախի անկախության մասին Ռոդ Այլենդի խորհրդարանի որոշումը պետք է շարունակություն ստանա

«Ռոդ Այլենդի խորհրդարանի որոշումն ու ԱՄՆ հայկական կազմակերպությունների աշխատանքն արժանի են ողջունվելու և աջակցության»,- ընդգծել է ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԱՄՆ իշխանություններին Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունումը: «Այդ գործընթացը պետք է իր շարունակությունը ստանա»,- նշել է Մայիլյանը: Նա հիշեցրել է, որ 2010թ. ապրիլի 26-ին ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով հանրային խորհուրդը Սփյուռքի հայկական կազմակերպություններին դիմեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց ձեռնարկելու կոչով: Խորհրդի` այս առիթով տարածված մամլո հաղորդագրությունում նշվում էր. «Հանրային խորհրդի կարծիքով` Արցախի ճանաչումն անգամ առանձին երկրների տարածաշրջանային մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կոգեշնչի հայրենակիցներին Արցախում, նրանց ավելի շատ տոկոնություն կտա և լուրջ բարոյական ու հիմնարար աջակցություն կծառայի»:

ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը նաև կոչ է անում ԼՂՀ-ին շարունակել` որպես ազատ և անկախ երկրի զարգացման ջանքերը, ինչպես նաև բարձր է գնահատվում միջազգային հանրությունում Արցախի կառուցողական ներգրավվածությունը և առկա տարածաշրջանային խնդիրները լուծելու նրա ձգտումը:

«Ես շնորհակալ եմ Ռոդ-Այլենդի օրենսդիրներին` Ղարաբաղի անկախության ձգտումներին աջակցող բանաձև ընդունելու համար և հուսով եմ, որ մարդու իրավունքներին և հավատարմությունը արդարությանը օրինակ կծառայեն նրա գործընկերների համար ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս»,-հայտարարել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը:

«Շատ կարևոր է, որպեսզի այսօր ԱՄՆ-ն, աջակցելով ԼՂՀ-ին, ցուցադրի, որ կողմ է այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և որ ժողովրդավարությունը կարող է ծագել նաև հակամարտությունում: Հուսով եմ, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը հնարավոր կլինի պահպանել առանց մարդկային կորուստների»,-հայտարարել է կոնգրեսական Ջեյմս Լանջևինը:

«20 տարի առաջ Ղարաբաղի ժողովուրդը պայքարում էր Խորհրդային Ադրբեջանից անկախանալու համար: Այսօր ես Ղարաբաղի հետ միասին տոնում եմ անկախության, բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակը»,-իր հերթին հայտարարել է կոնգրեսմեն Դևիդ Սիսիլլին: