19 մայիսի 2012 - 13:06 AMT
Այսօր պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողները

Այսօր` մայիսի 19-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ 2011-12 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը: «Օլիիմպիական շարժումը Հայաստանում շատ մեծ ավանդույթներ ունի: Այն կարևոր է ոչ միայն հաջողությունների ու հաղթանակների իմաստով: Առհասարակ օլիմպիական շարժումները նպատակ ունեն ինչ-որ բան մասսայականացնելու, հասարակայնացնելու, քարոզելու, գիտելիքը տարածելու և այդ առարկայի նկատմամբ հանրային ուշադրությունը գրավելու», լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, օլիմպիադայի նպատակն է նաև այդ ընթացքում բացահայտել տաղանդավոր երեխաներին, որոնց հետո հնարավորություն է տրվում Հայաստանը ներկայացնել միջազգային օլիմպիադաներում: Նախարարը հավելեց նաև, որ տեղական օլիմպիադաներում եղել են դժգոհություններ կազմակերպման առումով, սակայն առաջիկայում թերությունները կաշխատեն շտկել:

Օլիմպիադան անցկացվել է «Պատմություն», «Աստղագիտություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հայոց լեզու», «Գրականություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից: Օլիմպիադայի արդյունքում ՀՀ և ԼՂՀ մոտ 70 աշակերտներ արժանացան առաջին, երկրորդ և երրորդ տեղերի: