Այսօր գրանցված երկրաշարժերից հետո հնարավոր են նաև հետցնցումներ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց ԱԻՆ սեյսմիկ ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:
«Առայժմ ունենք սեյսմիկ ռեժիմի ակտիվացում: Բացառված չեն նաև նոր թույլ սեյսմիկ ցնցումները՝ այն ուժի, ինչ-որ այսօր գրանցվել են»,- մանրամասնեց բանախոսը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանում գրանցված երկրաշարժերը կապ չունեն մայիսի 18-ին Ադրբեջանի Զակատալա քաղաքի մոտ տեղի ունեցած 5 մագնիտուդով երկրաշարժի հետ:
Սեյսմիկ ծառայությունն իրականացնում է շուրջօրյա մոնիտորինգ, որը գտնվում է նախարար Արմեն Երիցյանի անմիջական վերահսկողության ներքո: ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ շուտով քաղաքացիները SMS-ով կստանան տեղեկատվություն երկրաշարժի մասին:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 8:20-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Տեղական ժամանակով ժամը 8.45-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրորդ երկրաշարժը՝ 2.7 մագնիտուդով, որի էպիկենտրոնը նույնպես գտնվում էր Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Մինչ այդ՝ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 03.07-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում: Երեք դեպքերում էլ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: