ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան գոհ է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունից: «Հայաստանի հետ աշխատանքները բավականին հետաքրքիր են: Իրականացնում ենք պիլոտային նախագծեր` կապված պետական ռազմա-տնտեսական համագործակցության հետ»,-հայտարարել է նա` Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև-Քիշնև հեռուստակամրջի մամլո ասուլիսի ժամանակ:
Բորդյուժան ընդգծել է, որ համագործակցության շրջանակներում ՀՀ և ՌԴ պայմանավորվել են ստեղծել սպառազինության արդիականացման, ուտիլիզացման և վերանորոգման 5-6 համատեղ ձեռնարկություններ: Նա նկատել է, որ նման աշխատանքներ տարվում են ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաև Ղրղզստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ:
Ըստ նրա, ռազմա-տնտեսական համագործակցությունը հետաքրքրական է ՀԱՊԿ բոլոր երկրներին, քանի որ այդ համագործակցության շրջանակներում վերակենդանանում է պետությունների ռազմա-արդյունաբերական համակարգը, և «այդ համագործակցությունը բավականին հաջող է ընթանում»:
Բորդյուժան ընդգծել է, որ ՀԱՊԿ երկրների ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում յուրաքանչյուր պետության տրվում են զենքի գնման արտոնություններ: