22 մայիսի 2012 - 20:18 AMT
ԵՄ հետ վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար կարող է վերանալ արդեն 2014 թվականին

Ռուսների համար Եվրամիության հետ վիզային ռեժիմը կարող է վերանալ արդեն 2014 թվականին: Այդ մասին, ինչպես հաղորդում է Firstnews.ru-ն, հայտնել է Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հնարավորություններն ու հեռանկարները կքննարկվեն հունիսին կայանալիք հանդիպմանը:

Մատվիենկոն հույս է հայտնել, որ, մասնավորապես, 2014-ին համապատասխան գլոբալ համաձայնագիր կստորագրվի: Այդ հայտարարությունը Մատվիենկոն կատարել է իր Լեհաստան կատարած այցի ընթացքում:

ԴԽ խոսնակը նշել է, որ մոտ ժամանակներս Պետդուման պետք է վավերացնի Կալինինգրադի երկրամասի և Լեհաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների համար պարզեցված վիզային ռեժիմի մասին միջկառավարական համաձայնագիրը:

Մատվիենկոն հավելել է, որ, հնարավոր է, արդեն ամռան կեսին այդ համաձայնագիրը «կարող է գործարկվել»: