1 հուլիսի 2004 - 23:48 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԴՐԱՄԱՆԵՆԳՆԵՐԻ ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ՏՊԱՐԱՆ
Ռուսաստանի ՆԳՆ-ն եւ Հայաստանի ոստիկանությունը բացահայտել են Մոսկվայի մերձակայքում գործող կեղծ դրամի արտադրության ընդհատակյա տպարան: Ինչպես հաղորդել են ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը Ռուսաստանի ՆԳՆ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում, արտադրության կազմակերպիչները Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ են: Ընդհանուր առմամբ հանցագործություն կատարելու համար ձերբակալվել է 22 կասկածյալ, որնցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Աղբյուրի համաձայն, դրամանենգների ձերբակալման մեկ այլ գործողություն է կատարվել Կրասնոդարի օպերատիվ աշխատակիցների կողմից: Հայ գործընկերների հետ միասին նրանց հաջողվել է կասեցնել մի հանցավոր խմբի գործունեություն, որի անդամները զբաղվում էին 1000 ռուբլիանոց դրամական նշանների պատրաստմամբ եւ առաքմամբ: Կեղծ դրամների ընդհատակյա արտադրման կազմակերպիչները` Հայաստանի քաղաքացիներ Գեւորգ Ղազարյանը եւ Էդուարդ Մինոսյանը դատապարտվել են 6,5 տարվա ազատազրկման յուրաքանչյուրը: