25 մայիսի 2012 - 10:11 AMT
«Հրապարակ». ԲՀԿ-ն ոչ բոլոր պորտֆելներն է հանձնելու

«Հրապարակը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու հայտարարությունը երեկ առավել «ցնցել» էր ԲՀԿ-ականներին, որովհետեև նախորդ երեկոյան կառավարական ամառանոցում Սարգսյան-Ծառուկյան-Աբրահամյան հանդիպումը բավականին ուշ էր ավարտվել, ԲՀԿ-ն որևէ նիստ, քաղխորհուրդ, մինի-հավաք չէր անցկացրել:

«Առավոտյան կուսակցության անունից տարածված հայտարարությունը մեծ տարակուսանք էր առաջացրել ԲՀԿ-ականների մոտ: «Մեզ մոտ միշտ այդպես է եղել, մենք երբեք ՀՀԿ-ի նման գործադիր մարմնի նիստ չենք հրավիրել, չենք իմացել, թե ինչ է կատարվում մեզ հետ իրականում»,-նեղսրտում էին ԲՀԿ-ականները` փորձելով հասկանալ՝ արդյոք այս ամենը նշանակում է, որ կուսակցության ղեկավարումը Գագիկ Ծառուկյանից անցնում է ԲՀԿ, այսպես կոչված, քաղաքական թևին` Վարդան Օսկանյանին: Ընդ որում, Ծառուկյանը երկրի համար ոչ անկարևոր վիճակում, իր թիմակիցներին առանց բառ ասելու, անմիջապես մեկնել է Բելառուս` Բատկայի մոտ, կոնյակի գործարան բացելու:

Կոնյակը նուրբ գործ է, և երկրի դե ֆակտո երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը դեռ էլի մի քանի օր չի լինի Հայաստանում: Այնպես որ իր թիմակիցներն այդպես էլ չեն ստանա իրենց հուզող մի քանի հարցերի պատասխանները` կառուցողական ընդդիմությունն արդյոք նշանակում է, որ որոշ պորտֆելներ մնալու են իրենց, թե պորտֆելները հանձնվելու են ամբողջովին: Երեկ մերձ-ԲՀԿ-ական միջավայրում խոսվում էր, որ ոչ բոլոր պորտֆելներն են հանձնելու:

Առողջապահության, սոցիալական ապահովության, քաղաքաշինության նախարարությունների պորտֆելները, ասում էին, մնալու են. Գագիկ Ծառուկյանն ասել է` կիսատ գործեր կան այդ ոլորտներում»,- գրում է թերթը: