7 հուլիսի 2004 - 23:06 AMT
ԻՐԱՔԱՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Իրաքի հայ համայնքը ավելի մեծ օգնություն է ակնկալում Հայաստանից, հայտարարել է Բաղդադի հայ եկեղեցու քահանա Նարեկ Իշխանյանը: Այդ կապակցությամբ Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանին, որ Հայաստանի կառավարությունը քննարկել է իրաքահայերին օգնություն տրամադրելու հարցը, ավելացնելով, որ այժմ ճշգրտվում են աջակցության ձեւերը: Նրա խոսքերով` իրաքյան պատերազմի արդյունքում մշտական բնակության նպատակով Հայաստան է եկել 29 իրաքահայ: Իսկ Իրաքից արտագաղթած հայերի մեծ մասը ապաստանել է Հորդանանում, Լիբանանում եւ Սիրիայում: Փոխարտգործնախարարը նաեւ հայտնել է, որ Իրաքի հայ համայնքը հորդորել է Հայաստանի իշխանություններին զինվորականներ չուղարկել Իրաք, որպեսզի տեղի բնակչությունը չտրամադրվի հայերի դեմ: Ինչպես հայտնի է, Հայաստանը մտադիր է Իրաք գործուղել բժիշկների, սակրավորների եւ վարորդների: Սակայն, Ռ.Շուգարյանի խոսքերով` նրանց մեկնելու ժամկետը դեռ որոշակիացված չէ: Ներկայումս Իրաքում բնակվում է ավելի քան 20 հազար հայ, ովքեր հիմնականում կենտրոնացված են Բաղդադում, Բասրայում, Մոսուլում եւ Կիրկուկում: Քահանա Նարեկ Իշխանյանի խոսքերով` չքավոր իրաքահայերին օգնում է հայ եկեղեցին: Ստեղծվել է նաեւ կանանց բարեգործական կազմակերպություն, որը հոգ է տանում մոտ 300 հայ ընտանիքների մասին, ապահովելով նրանց անվճար դեղամիջոցներով: