
Ուրբաթ օրը Կայսերի թուրքական գավառում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում 20 հոգի վիրավորվել է, երկու ոստիկան զոհվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Վիրավորների թվում կան նաև երեխաներ:
Ավտոմեքենայում գտնվող երեք ահաբեկիչներից երկուսը մահապարտների գոտիներ էին կրում: Մեքենան նկատվել է ժանդարմերիայի հսկիչ կետում` Կայսերիի հարևան Ղահրամանմարաշ գավառում:
Վարորդը չի ենթարկվել զննման համար կանգ առնելու հրամանին և ոստիկանությունը սլացել է ահաբեկիչների ավտոմեքենայի հետևից: Հասնելով Փընարբաշի քաղաքին` ահաբեկիչները մեքենայից գնդակոծել են անվտանգության վարչության շենքը:
Ի պատասխան հանձնվելուց հրաժարվելուն` ոստիկանները կրակ են բացել ահաբեկիչների ուղղությամբ` չեզոքացնելով նրանց: Սակայն ահաբեկիչներից մեկը, որը վիրավոր էր, հասցրել է գործարկել պայթուցիկ սարքը: Մի քանի հոգի, այդ թվում` անցորդներ, որոնք տուժել են պայթյունից, գտնվում են հիվանդանոցներում և ծանր վիճակում են: