
«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը:
«Զեկույցը բավականին կոշտ է, և դա կարծես անսպասելի է եղել ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի համար: Վերջինս իր ելույթում ԵԽԽՎ-ի գնահատականները որակել է «կողմնակալ և անարդար», նաև` «մակերեսային», իսկ զեկույցում, ըստ Հարությունյանի, «անտեսվում են ՀՀ իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն»: ՀՀ պատվիրակության ղեկավարի «զարմանքն ու տարակուսանքն է» հարուցել հատկապես այն իրողությունը, որ զեկույցի հեղինակները նկատել և արձանագրել են ընտրություններից առաջ բաժանված բազմաթիվ նոր անձնագրերի փաստը, ընտրողների թվի ուռճացումը: Ուշագրավ է, ի դեպ, որ Դ. Հարությունյանը իր ելույթում նույնիսկ չի փորձել հերքել ընտրակաշառքների, վարչական ռեսուրսների օգտագործման մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակների արձանագրած փաստերը»,- գրում է թերթը: