31 մայիսի 2012 - 12:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀԿ-ն առանց այլընտրանքային հիմքի ԱԺ խոսնակի պաշտոնում առաջադրել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը

Ազգային ժողովի 5-րդ գումարման առաջին նիստում իշխող ՀՀԿ-ն առաջադրել է կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` խոսնակի պաշտոնում: Մյուս խմբակցություններն իրենց թեկնածությունները չեն առաջադրել: Հարկ է նշել, որ այսօրվա նիստին չեն մասնակցում ընդդիմադիր ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»:

Իր ելույթում Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և կուսակցական ընկերներին: Նա ընդգծել է, որ նոր խորհրդարանը, բառի բուն իմաստով, լինելու է ներկայացուցչական մարմին, քանի որ ներառում է Հայաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերը: Աբրահամյանի խոսքով, ինքը հասկանում է խոսնակի պաշտոնի ողջ պատասխանատվությունը և պատրաստ է դրան: Խոսնակի թեկնածուն ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ծանոթացել է մյուս քաղաքական ուժերի ծրագրերին և դրական գնահատական տվել դրանց: Ըստ նրա, խորհրդարանի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է ստեղծել փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտ:

Աբրահամյանը նաև ընդգծել է, որ որպես խորհրդարանի խոսնակ` չի խուսափելու կառավարության հասցեին ուղղված քննադատությունից, եթե դա հիմնավորված լինի: Սակայն անհրաժեշտության դեպքում կլինի նաև վերջինիս «առաջին պաշտպանը»: Ըստ նրա, իր համար առավել կարևոր են Հայաստանի և ժողովրդի շահերը: Խոսնակի թեկնածուն նաև ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում կարևորելու է նաև միջխորհրդարանական առաքելության աշխատանքները:

Իր հերթին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ իրենք առաջադրել են Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` հաշվի առնելով նրա մեծ փորձը և այն, որ «նրա պետական և քաղաքական գործունեությունը հայտնի է քաղաքացիներին և մեզ»: Խոսնակի թեկնածուին հարց է առաջադրվել ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանի կողմից, թե ինչպես է նա պատրաստվում պայքարել որոշ պատգամավորների` մեկը մյուսի փոխարեն քվեարկելու փորձի դեմ: Աբրահամյանը հավաստիացրել է, որ ինքը ևս դեմ է դրան և պատրաստ է լսել ցանկացած առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն այդ հարցը լուծելուն:

ՖՈՏՈՇԱՐՔ