1 հունիսի 2012 - 19:04 AMT
Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ սենատորին է ներկայացրել արցախյան հիմնախնդրի կարգավորման զարգացումները

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւան ժամանած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դիկ Դուրբինին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց վերջին տարիներին համատեղ ջանքերով նոր լիցք ստացած հայ-ամերիկյան բազմաբովանդակ համագործակցությունը եւ ընդգծեց, որ բարձրաստիճան այցելությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Սենատոր Դուրբինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին շեշտեց, որ երկար տարիներ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանին առնչվող խնդիրները եւ ուրախ է Երեւան այցելելու ու երկրի ղեկավարներից տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին ծանոթանալու համար: Հայաստանի արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնակատարն ամերիկյան սենատորին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց զրուցակցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հետեւողական ջանքերի համար:

Զրուցակիցները հանգամանալից խոսեցին Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ: