21 հուլիսի 2004 - 19:28 AMT
ՍԿՍՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Իրանական կողմը սկսել է Իրան-Հայաստան գազամուղի իր հատվածի շինարարությունը: Նշենք, որ գազամուղի ընդհանուր ձգվածությունը կազմում է 140 կմ, որից 100 կմ-ը պետք է կառուցվի Իրանի տարածքում: Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Իրան.ռու»-ն, գազամուղի 40 կմ-անոց հայկական հատվածի շինարարության համար անհարժեշտ է 120 մլն դոլար: Նրա խոսքերով` շինարարության համար իրենց ծառայություններն էին առաջարկել մի քանի ընկերություններ, սակայն արդյունքում ընտրությունը կատարվեց ի օգուտ իրանական ընկերության: Չհիշատակելով հատկապես որ իրանական ընկերությունը կիրականացնի աշխատանքները` դեսպանն ասաց, որ մի քանի օր առաջ ընկերության տնօրենը այցելել է Հայաստան համապատասխան բանակցություններ անցկացնելու համար: Գ.Ղարիբջանյանի խոսքերով` գազամուղի շինարարությունը կավարտվի 2005 թվականի սեպտեմբերին, իսկ բնական գազի մատակարարումը Իրանից Հայաստան կսկսվի նախատեսված ժամկետներից շուտ` 2007 թվականի սկզբին: